Զանգվածային բաց առցանց դասընթաց (անգլ.՝ massive open online course, MOOC), առցանց դասընթաց, որի նպատակն է ապահովել անսահմանափակ, ազատ և անվճար մուտք բոլոր ցանկացողներին՝ համացանցի միջոցով։ Առաջին զանգվածային բաց դասընթացները հայտնվել են 2008թ։ Ի հավելում ավանդական դասընթացներում առկա տեսահոլովակներին, կարդալու նյութերին, խնդիրներին՝ զանգվածային բաց առցանց դասընթացները առաջարկում են ինտերակտիվ ֆորումներ, ինչը օգնում է ուսանողների, պրոֆեսորների և ուսուցանող անձնակազմի համար ստեղծել համայնք։
Զանգվածային բաց առցանց դասընթացը հեռահար ուսուցման վերջերս մշակված նվաճումներից է, ինչը սկսել է տարածում գտնել 2012 թվականից:
MOOC-ը ուսուցման առանձին մեթոդիկա է, որն իր մեջ ներառում է գործունեության բազմաթիվ տեսակներ։ Ինչպես յուրաքանչյուր մեթոդիկա, այնպես էլ MOOC-ն ունի առավելություններ և թերություններ։
MOOC-ի առավելություններն են.
1. Ինտերակցիա։ Ոմանց կարծիքով առցանց ուսուցումը ենթադրում է հետադարձ կապի բացակայություն, սակայն դա այդպես չէ, MOOC-ը ենթադրում է հաղորդակցում ինչպես դասախոսի հետ, այնպես էլ՝ ունկնդիրների։
2. Օգտակար կապեր։ MOOC-ի միջոցով մարդիկ նոր ծանոթություններ են ձեռք բերում, ինֆորմացիան ստանում են առաջին ձեռքից։
3. Արագ հետադարձ կապ և ստուգում։ Աշխատանքները հանձնելուց հետո մասնակիցները միանգամից գնահատվում են։ Ընդ որում մասնակիցն ունի նաև վերահանձնելու հնարավորություն։ Հնարավոր է նաև մեկ մասնակցի աշխատանքի ստուգում այլ մասնակցի կողմից, այսինքն՝ կատարվի փոխադարձ ստուգում։
4. Աշխարհի լավագույն մասնագետներ։ Այն իրականացվում է աշխարհի լավագույն մասնագետների կողմից և յուրաքանչյուրը հնարավորություն ունի նրա հետ անձամբ հաղորդակցվելու։
MOOC-ի հարթակում դասախոսություններ են կարդում այնպիսի համալսարանների մասնագետներ, ինչպիսիք են Standford, Duke, California Institute of Technology, University of Illinois, Berklee College of Music, Harvard University: Հրավիրվում են նաև աշխարհի առաջատար ընկերությունների աշխատակիցները։
5. Անվճար առցանց ուսուցում։ Եթե նույնիսկ գումար է վճարվում, ապա միայն վկայական ձեռք բերելու համար կամ ամփոփիչ քննության ժամանակ։
6. Նորագույն մասնագիտություններ։ Աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններին MOOC-ն անմիջապես արձագանքում է՝ տեղադրելով ժամանակակից դասընթացներ։
7. Նյութի կառուցվածքայնություն։ Կայքում տեղադրվում են կարճ վիդեոներ, ըստ շաբաթների դասախոսություններ, թեստային առաջադրանքներ։
8. Ազատ գրաֆիկ։ Յուրաքանչյուր դասընթաց ժամանակային առումով ունի սահմանափակում, որտեղ մասնակիցը կարող է սահմանել իր համար ազատ գրաֆիկ։ Դասակոսությունները կարելի է լսել ցանկացած ժամի, մի քանի անգամ, եթե այն անհասկանալի է։ Տնային առաջադրանքները նոյնպես կատարվում են ցանկացած ժամանակ, ցանկացած արագությամբ։
9. Առցանց ուսուցման համակցված համակարգ։ MOOC-ը չի սահմանափակվում վիդեոներով, դրանք լրացվում են տեքստային նյութերով, աուդիոֆիլմերով, ֆորումներով և սոց․կայքերում քննարկումներով։ Այս համակարգը ոչ միայն բարձրացնում է նյութի ընկալման աստիճանը, այլև զարգացնում է ինֆորմացիայի հսկայական հոսքում կողմնորոշվելու և նյութերը ինքնուրույն որոնելու ընդունակությունը։
MOOC-ի թերությունները.
1. Նյութի ինքնուրույն յուրացումը։ Ինքնուրույն սովորելը մասնակցից պահանջում է ինքնակառավարման ընդունակություն։
2. Տոտալ վերահսկողության բացակայությունը։
3. Դեռևս չկան հստակ տվյալներ այդ դասընթացների արդյունավետության մասին։
4. Դասընթացի ավարտին ստացած վկայականը համարժեք չէ դիպլոմին կամ ատեստատին։ Օրինակ ՌԴ այն չունի որևէ իրավական ուժ։ ԱՄՆ որոշ քոլեջներ և բուհեր ճանաչում են որոշ դասընթացների ժամերը որպես ակադեմիական ժամեր։
5. Այն ենթադրում է անգլերեն լեզվի կատարյալ իմացություն։
MOOC-ը հարմար է այն անձանց, ովքեր․
· ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն և ունենալ վկայական,
· արդեն ունեն բարձրագույն կրթություն, բայց ցանկանում են համալրել իրենց գիտելիքները և բարձրացնել որակավորումը,
· գոհ չեն իրենց մասնագիտությունից կամ երբ այն չի համապատասխանում ժամանակի պահանջներին, անհրաժեշտություն է առաջանում նոր մասնագիտություն ձեռք բերել կամ վերապատրաստվել։